National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.05.2023
Որտեղ էլ տեղի ունենան բանակցությունները, շատ բան կախված է բանակցողից. Արթուր Խաչատրյան
1 / 3

Ակնհայտ է, որ դատախազությունը՝ որպես այսօրվա իշխանության քաղաքական մեծամասնության ամենաարտահայտված կառույց, հստակ որդեգրել է երկակի ստանդարտ, եւ այդ երկակի ստանդարտի մեջ մշտապես տուժում է այն հատվածը, որը չի կիսում այս իշխանությունների տեսակետը: Իրենց ամենօրյա վարքագծով դատախազությունը, ինչպես նաեւ իրավապահ ամբողջ համակարգը ծառայում են օրվա քաղաքական իշխանության՝ նույնիսկ ապօրինի վարքագիծն օրինականացնելուն: Այս մասին մայիսի 4-ին՝ ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի տարեկան հաղորդմանը:

Արծվիկ Մինասյանը, խոսելով Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի մասին, նշել է, որ այն աննախադեպ էր իր տեւողությամբ, որտեղ հնչել են տեսակետներ, որոնք բացարձակ ընդունելի չեն ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության համար:

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Արթուր Խաչատրյանն ասել է. «Այն, որ ցանկացած զիջում բերում է նոր պահանջների, ակնհայտ է, ես շատ հեռու պատմություն չեմ ուզում գնալ, հիշեք, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը: Առաջին պահանջ. Կաշենի հանք, հանքը փակվեց, ե՞ւ, վերացվե՞ց այդ շրջափակումը: Հետո Ռուբեն Վարդանյանին պաշտոնից զրկում, Ռուբեն Վարդանյանը պաշտոնազրկվեց, ե՞ւ... Այսինքն՝ սա թուրքական քաղաքականություն է, սա թուրք-ադրբեջանական էությունն է, հավելյալ պահանջներ, հավելյալ ճնշումներ, եւ ինչքան դու ընկրկում ես, հետ ես գնում, այնքան իրենք ավելի լկտիանում են, այնքան ավելի պահանջներ են ներկայացնում»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե  Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության հասնել, եթե բանակցությունները տեղի ունենան առանց միջնորդների՝ պատգամավորը նշել է, որ այդ մոտեցումն Ադրբեջանը միշտ էլ պարտադրում էր, եւ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր այդ խաղի կանոնները դեռեւս 2018 թվականին:

Որքանո՞վ կհաջողվի ԱՄՆ-ին կանխել Ադրբեջանի նկրտումները եւ հայանպաստ փաստաթուղթ ստորագրել հարցին ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ որտեղ էլ տեղի ունենան բանակցությունները եւ ում միջնորդությամբ էլ որ լինեն, շատ բան կախված է բանակցողից: Նրա խոսքով որեւէ միջնորդ չի կարող ավելի հայ լինել, քան Հայաստանի իշխանությունը եւ ավելի շատ փորձել պաշտպանել Հայաստանի շահերը: «Եթե դու չես պաշտպանում քո շահերը, իսկ դիմացինդ ագրեսիվ է եւ իր թշնամանքը քո նկատմամբ չի թաքցնում, նա առաջ է գնալու»,- ասել է Արթուր Խաչատրյանը:

«Ալիեւը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ներառյալ Նիկոլ Փաշինյանի, շատ ավելի լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրա համար ինքը երկրորդ պահանջն է առաջադրում»,- ասել է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Այսինքն՝ միջազգային հանրությունն էլ է դա շատ լավ հասկանում: Նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր հայտարարություններում՝ մինչեւ այս իշխանությունների այս վարքագծի դրսեւորումը, բոլորը խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Եվ նույնիսկ Ալմաթիի հռչակագիրը, որին հղում են կատարում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, որեւէ ձեւով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ներառում Ադրբեջանի մեջ»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հղում է անում նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որտեղ գրված է, որ Արցախի՝ գոնե այս հատվածում ՌԴ խաղաղապահ ուժերն ունեն վճռական դերակատարություն: «Հիմա հարց է առաջանում՝ բա եթե դու խոսելու ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին, անվտանգության մասին կամ, իրենց տերմինաբանությամբ, բոլոր իրավունքների մասին, բա հիմնական երաշխավորներից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունն ո՞ւր է: Բա դուք նստած իրար հետ խոսում եք մի ժողովրդի իրավունքի մասին, եւ այն երկիրը, այն կողմը, որը պետք է նաեւ առարկայական գետնի վրա ապահովի նաեւ իրավունքների պաշտպանությունը, ինչո՞ւ չի մասնակցում այդ գործընթացին: Սրանք հարցեր են, որոնք բերում են եզրակացության՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ցանկացած վարքագիծ, որն ուղղված է ուղիղ Ադրբեջանի հետ որեւէ հարաբերություն հաստատելուն, դուրս է մղում միջազգային այն ձեւաչափը, որը ԼՂ խնդրի կարգավորման տեսակետից հիմնարար է: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն է»,- ասել է Արծվիկ Մինասյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am